Չժանգոտվող պողպատե հորիզոնական Grundfos պոմպեր

Grundfos  ընկերությունը ընդլայնել է հորիզոնական պոմպերի մոդելային շարքը: Այժմ NB և NK պոմպերի ամբողջ շարքը թողարկվում է նաև չժանգոտվող պողպատե տարբերակով, որը բարձր հուսալիության հետ մեկտեղ նաև էներգաարդյունավետ է և օգտագործվում է ինչպես հիմնական, այնպես էլ օժանդակ տեխնոլոգիական  գործընթացներում:  
Այս հորիզոնական միաքայլ պոմպերը նախատեսված են մեծ ծավալով այնպիսի հեղուկների մղման համար, որոնք քիմիական բաղադրությամբ, մածուցիկությամբ և խտությամբ համարժեք են ջրին:  Այս պոմպերը կիրառվում են որպես հիմնական բաղադրիչ խոշոր շինարարական ծրագրերի ջրամատակարարման և ջեռուցման համակարգերում,  իսկ արդեն գործող համակարգերում  կարող են ծառայել որպես օժանդակ միավոր արդյունավետության բարձրացման կամ քաղաքային ջրամատակարաման ցանցի ճնշման տարբեր մակարդակների  կարգավորման համար:
Այդպիսի պոմպերն ուղղակի անփոխարինելի են արդյունաբերության և կոմունալ տնտեսության ջրամատակարարման ցանցերում ջրի ճնշման մեծացման համար:
Երկար տարիներ թուջե հիդրավլիկ մասով NB և NK հորիզոնական պոմպերը  համարվում էին հուսալիության չափանիշ ջրամղման ոլորտում: Հորիզոնական միաքայլ պոմպերի ամբողջական շարքը լրացնում են չժանգոտվող պողպատե մոդելները, որոնք հավաստագրված են ISO 2858 ստանդարտներին համապատասխան և նախատեսված են ծովի ջրի, պայթյունավտանգ և ագրեսիվ հեղուկների մղման համար:
Grundfos ընկերությունն առաջարկում է պոմպի ոչ ստանդարտ տարբերակների լայն տեսականի:
Արդյունաբերական կիրառության համար հատուկ նախագծված և արտադրված` NK, NKG, NB և NBG շարքի չժանգոտվող պողպատե պոմպերը թողարկվում են նաև հավելյալ հնարավորություններ ունեցող տարբերակներով, որոնք կբավարարեն տեխնոլոգիական գործընթացների բոլոր պահանջները:
Խցուկ
Տարբեր քիմիական հատկություններ ունեցող հեղուկների անվտանգ մղման համար առաջարկվում են խցուկներ, որոնք պատրաստված են EPDM, FKM, FFKM, FXM էլաստոմերներից: Ընդ որում, հնարավոր է ընտրել խցուկի ոչ միայն նյութը, այլև անհրաժեշտ կառուցվածքը` եզակի կամ երկակի՝ <<tandem>> կամ <<back-to-back>>  տիպի, կամ էլ քարտրիջային: Ընտրության այս հնարավորությունները թույլ են տալիս անվտանգ մղել նույնիսկ դյուրավառ կամ թունավոր հեղուկներ: Ի  դեպ, պոմպը կարելի է համալրել բոլոր անհրաժեշտ լրամասերով և նույնիսկ խցուկի իրանի լվացան համակարգով, օրինակ ՝ <<tandem>>  տիպի երկակի խցուկի դեպքում:
Առանցքակալային հանգույց
Պոմպի կառուցվածքը մշակելիս հիմնական գաղափարը հանդիսացել է պոմպերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման  ծախսերը նվազագույնի հասցնելը: Մասնավորապես, առանցքակալի կառուցվածքի ընտրությունը զգալիորեն ազդում է ամբողջ պոմպի աշխատանքի վրա: Շահագործման բարդ  պայմանների համար նախատեսվել են ուժեղացված առանցքակալներ, որոնք համալրված են ավտոմատ դոզավորման սարքով` քսանյութը առանցքակալի մեջ ժամանակին մղելու համար: Այս դեպքում  օգտագործվում է  բարձր մածուցիկություն  ունեցող  քսանյութ կամ յուղ: Յուղման ավտոմատ համակարգ ունեցող ուժեղացված առանցքակալները հարմար են այն դեպքերում,  երբ պոմպի մուտքում  առկա է բարձր ճնշում: Դրանք ունեն առնվազն 100.000 ժամ անընդմեջ աշխատանքի երաշխիք:
Յուղման համակարգով առանցքակալները խորհուրդ է տրվում կիրառել բարձր ջերմաստիճան ունեցող հեղուկների մղման դեպքում: Բացի այդ, NKG տիպի հորիզոնական պոմպերը կարելի է համալրել կցամասերով` առանցքակալների ջերմաստիճանի և այդ հանգույցում վիբրացիայի մակարդակի տվիչներ տեղադրելու համար:
Էլեկտրական շարժիչ
NK, NKG, NB և NBG մոդելային շարքի բոլոր պոմպերը կարելի է համալրել այնպիսի էլեկտրական շարժիչներով, որոնք այսօրվա դրությամբ համապատասխանում են էներգաարդյունավետության IE3 դասի եվրոպական բարձրագույն պահանջներին: Եվրոպական հանձնաժողովի պահանջներին համապատասխանող կամ գերազանցող էլեկտրական շարժիչները մակնշվում  են հատուկ Grundfos Blueflux նշանով: Պոմպերը  պայթյունավտանգ գոտում կիրառելու համար Grundfos ընկերությունն առաջարկում է էլեկտրական շարժիչներ պայթյունից պաշտպանված տարբերակով` համաձայն ATEX  հավաստագրի: Այդ դեպքում բոլոր պոմպային սարքավորումները մատակարարվում են ATEX հավաստագրերով:
Պոմպային հանգույց
Չժանգոտվող պողպատից  GRUNDFOS  պոմպերը համապատասխանում են ցանկացած տեսակի ագրեսիվ հեղուկների բարձր արդյունավետությամբ և հուսալիությամբ մղման համար՝ բացառելով կոռոզիոն պրոցեսները:
Պոմպերի հատուկ տարբերակների շարքը նախատեսված է  մինչև  25 բար ճնշում ունեցող  և – 25°C-ից +160°C ջերմաստիճանի հեղուկներ մղելու համար:
Պոմպերի տիպային ամբողջ շարքը կարող է լինել 2 տեսակի չժանգոտվող պողպատից` EN 1.4408  կամ  EN 1.4517: Ի հավելումն դրան, պոմպերի հիդրավլիկ մասերը կարող են պատված լինել հատուկ կոմպոզիտային ծածկույթով, որը երկարացնում է  պոմպի շահագործման ժամկետը և պաշտպանում մեխանիկական խառնուկների ազդեցությունից, որոնք առկա են հեղուկում: